Նորություններ
Համահայկական ամառային 8–րդ խաղերին Արարատի մարզից մասնակցում է 196 մարզիկ
06.08.2023
«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել ու շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ընդգծելով, որ այս տոնը ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, քանի որ ի ցույց է դնում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ հաղթահարելու, ապրելու, զարգանալու և առաջ գնալու կամքը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների:
Համահայկական ամառային 8-րդ խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Խաղերին մասնակցում է 41 պետությունների, 181 քաղաքների 7000-ից ավելի մարզիկ:
Խաղերին Արարատի մարզից մասնակցում է 196 մարզիկ և մարզուհի։
Նշենք, որ Արտաշատի քաղաքային ստադիոնում են անցկացվելու Համահայկական 8-րդ խաղերի ատլետիկայի մրցումները։