Նորություններ
Արարատի մարզում անցկացվել է դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը
22.08.2023
Արարատի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։
Կրթական համակարգում ներդրված բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ քննարկմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության և մարզպետի աշխատակազմի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրեններ։
Խորհրդակցության մեկնարկին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ողջունել և ուսումնական հաջող տարի է մաղթել բոլորին, այնուհետև նախարարի տեղակալը ներկայացրել է Արարատի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների արձանագրած ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2023 թվականին Արարատի մարզից տարբեր բուhական հաստատություններ ընդունվելու դիմում-հայտ է լրացրել 920 դիմորդ, որոնցից միասնական և ներբուհական քննությունների հիմնական փուլին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 901-ը։ Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի հանրագումարում ընդունվել է 682 դիմորդ (75,6%), որոնցից 132-ը (ընդունվածների 19,4%-ը)՝ առաջին անվճար հայտով (127-ը հիմնական փուլով, 5-ը՝ լրացուցիչով)։ Երկու միասնական քննությունից դրական միավորի շեմը հաղթահարել է 596 դիմորդ։
Խորհրդակցությանը քննարկվել են նոր չափորոշիչների ներդրման, ուսուցիչների վերապատրաստման, նոր դասագրքերի ստեղծման վերաբերյալ մի շարք հարցեր։
Նշվել է, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, իսկ 10-րդ դասարանում այն կգործի հաջորդ ուսումնական տարվանից։ Սեպտեմբերից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները, ինչպես նաև Հայաստանում ԲՏՃՄ առարկաների՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, բոլոր ուսուցիչները կստանան 25% հավելավճար։
Ինչ վերաբերում է նոր դասագրքերի ներդրմանը, փոխնախարարը նշել է, որ որոշ դասագրքեր փորձաքննության արդյունքում երաշխավորվել են, սակայն որոշ դասագրքերի մասով կան բողոքարկումներ, որոնք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության։
«Պետք է վստահ լինենք, որ այս կամ այն դասագիրքը, որը երաշխավորվել կամ չի երաշխավորվել, հիմնավոր է։ Պետք է վստահ լինենք, որ դպրոց մտնող ցանկացած դասագիրք իսկապես համապատասխանում է բոլոր այն չափանիշներին, որոնք առաջադրվել են մեր կողմից»,- իր խոսքում նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ դասագրքերը տպագրման փուլում են։
Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։
«Դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն գիտելիքներ, հմտություններ պետք է տա երեխաներին, այլև արժեքներ պետք է ձևավորի, ապահովի անվտանգ միջավայր, որտեղ երեխաները կկարողանան արդյունավետ ուսումնառություն իրականացնել։ Ցավոք, մեր դպրոցներում այդ բացը կա և նոր մեթոդի կիրառումը պատահական չէ»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։
Մարզպետի աշխատակազմում առանձին խորհրդակցություն է անցկացվել նաև նախադպրոցական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է պարզաբանումներ նախադպրոցական կրթության համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Այս համատեքստում նշվել է, որ ներդրվել է ղեկավարման իրավունքի հավաստագրման համակարգ: Ըստ այդմ՝ նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավակնորդները պետք է հանձնեն հավաստագրման քննություններ, ձեռք բերեն ղեկավարման իրավունքի հավաստագիր: Նախադպրոցական հաստատությունների այն տնօրենները, որոնք աշխատում են աշխատանքային անժամկետ պայմանագրերով, մինչև 2024 թվականի հունիսի 1-ը պետք է հասցնեն ձեռք բերել ղեկավարման իրավունք: Տնօրենների հավակնորդների հավաստագրման գործընթացը կազմակերպում է ԿԳՄՍ նախարարությունը:
Քննարկվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման, մանկավարժների վերապատրաստման և ատեստավորման, ներառական կրթության համատեքստում ձեռնարկվելիք միջոցառումներին առնչվող և մի շարք այլ հարցեր։
Խորհրդակցության վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան։