Նորություններ
Դեղձուտի նորակառույց դպրոցը հանձնվել է շահագործման
01.09.2023
Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցն այսօր պաշտոնապես հանձնվել է շահագործման։
Գիտելիքի և դպրության օրը շնորհավորելու, ինչպես նաև նորակառույց դպրոցում կատարված աշխատանքներին ծանոթանալու համար դպրոց էին այցելել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
Մարզպետն ու Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը մասնակցել են օրվան նվիրված միջոցառմանը, շրջել են դպրոցում, դիտարկել կատարված աշխատանքները։
Շնորհավորելով աշակերտներին և մանկավարժական կազմին օրվա, ինչպես նաև դպրոցի բացման կապակցությամբ, մարզպետ Թևոնյանն իր խոսքում ասել է․«Դպրոցի շինարարությունը սկսվել է 2020 թվականին, ու այսօր արդեն նախկին վթարային վիճակում գտնվող կառույցի փոխարեն ունենք մեծ, լուսավոր ու բարեկարգ ուսումնական հաստատություն։ Սիրելի աշակերտներ, Կառավարությունը ձեր որակյալ կրթության համար անում է ամեն հնարավորը, իսկ ձեր գործը միայն լավ սովորելն է, դպրոցը ձեր տան պես սիրելն ու դրան հոգատար վերաբերվելը»։
Արմեն Ղուլարյանն էլ իր խոսքում ընդգծել է, որ այս սեպտեմբերի 1-ը հիշարժան է ինչպես աշակերտների, այնպես էլ Քաղաքաշինության կոմիտեի համար. «Այսօր մենք տեսնում ենք մեր և նախագծողների, շինարարների թիմերի համատեղ ջանքերի արդյունքը, որը ծառայելու է Դեղձուտի բնակիչներին: Կոմիտեն հարյուրավոր մոդուլային դպրոցներ է կառուցում ողջ հանրապետությունում: Ինչպես աշակերտները երդվեցին սովորել լավ, նվիրված լինել դպրոցին, մենք էլ շինարարների հետ միասին խոստանում ենք կառուցել որակյալ, հարմարավետ, ժամանակի պահանջներին համապատասխանող դպրոցներ՝ իրագործելով ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերը»:
Նշենք, որ դպրոցը կառուցվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով։ Այն հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։
Ծրագիրը ֆինանսավորվել է պետբյուջեից։ Դպրոցը 144 տեղ հզորությամբ է։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը դպրոցի գրադարանին փոխանցել է ավելի քան 120 գիրք, որոնք նվիրաբերել են կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: