Նորություններ
Մարզական հաջողություններ
19.09.2023
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մեդալներ է նվաճել:
Մինչև 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային ըմբիշ, Արտաշատի մարզադպրոցի սան Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։
Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել է չինացի Նա Չաոյին: 1/8 եզրափակչում արդեն Անդրեասյանը 5-2 հաշվով առավելության է հասել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել Ճապոնիայի ներկայացուցչից՝ 5-3: Կիսաեզրափակչում, սակայն, Արմանը 0-7 հաշվով պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ Զայն Ալեն Ռեթերֆորդին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ԱԱ-ում 57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը չափել է Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ ու 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Սա Հարությունյանի երրորդ բրոնզե մեդալն էր աշխարհի առաջնություններում:
Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից և վստահ հաղթանակներ տանելով ուկրաինացի Կամիլ Կերիմովի (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուի (14-2) և մակեդոնացի Վլադիմիր Եգորովի (11-0) նկատմամբ՝ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 14-16 հաշվով զիջել էր աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին։
Այսպիսով, Արսեն Հարությունյանն ապահովել է իր մասնակցությունը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Մինչ այս, Հայաստանից ՕԽ ուղեգիր էր նվաճել նաև հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:
Պայքարի դուրս եկած մեր մյուս ըմբիշներից բրոնզե մեդալին մոտ է նաև Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը (65 կգ): Հայ ըմբիշը երեք տպավորիչ հաղթանակներ տանելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին:
Թևանյանը 12:2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Հաջի Ալիևին և դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։