Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Արարատի մարզի համայնքներում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին

29.09.2023

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ:


Արարատի մարզ այցի ժամանակ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանն ու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը:


Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս հայտնել՝ սրտացավ մանկավարժների և աշակերտների օգնությամբ նրանք կկարողանան ինտեգրվել նոր միջավայրին ու ձեռք բերել նոր ընկերներ:


«Գիտենք, թե ինչպիսի դժվարությունների միջով եք ստիպված եղել անցնել, հասկանում ենք, որ կարոտում եք ձեր տունն ու դպրոցը: Միասին պետք է հաղթահարենք դժվարությունները: Իմացե՛ք, որ դուք մենակ չեք. մենք մշտապես ձեր կողքին ենք և ձեզ շատ ենք սիրում»,- երեխաների հետ զրույցում ասել է նախարարը:


Զորակ համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցն այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 20 երեխաների է ընդունել՝ թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի, որոնք ընդգրկվել են տարբեր դասարաններում: 44-օրյա պատերազմից հետո դպրոցում նաև արցախցի երկու ուսուցիչ է աշխատում, այս պահին էլ երաժշտության ուսուցչի կարիք ունեն և հույսով են, որ իրենց համայնք տեղահանված մեր հայրենակիցների մեջ համապատասխան մասնագետ կլինի, և թափուր հաստիքը կկարողանան համալրել:


Ռանչպարի միջնակարգ դպրոցի տնօրենի խոսքով՝ նվազագույնը 50-60 դպրոցականի են ակնկալում ընդունել: Ընդ որում՝ 44-օրյա պատերազմից հետո Ռանչպարի միջնակարգ դպրոց տեղափոխված աշակերտներից 36-ը մնացել ու կրթությունը շարունակում են ստանալ իրենց դպրոցում:


Հովտաշենի միջնակարգ դպրոցում այս պահին 12 սովորող է ընդգրկվել. ևս 7-8 աշակերտ արդեն դիմել են և առաջիկայում կընդունվեն դպրոց: Երեխաներն արդեն ծանոթացել են իրենց նոր ուսուցիչների ու դասընկերների հետ, ստացել դասագրքեր, գրենական պիտույքներ:


Արարատի մարզպետի աշխատակազմն այս պահին ամփոփել է մարզի 112 դպրոցներից 107-ի տվյալները. ըստ այդմ՝ Արարատի մարզի 107 դպրոցներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 370 սովորող է ընդգրկվել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20