Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունել է Արարատի մարզ այցելած Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչներին

04.10.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Մասակի Իկեգամիին և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։

Ճապոնական պատվիրակությունն Արարատի մարզում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին ծանոթանալու և Ճապոնիայի կողմից արցախցիներին օգնություն ցուցաբերելուն ուղղված հարցերը քննարկելու համար։

Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզ այցելելու և այս դժվարին օրերին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցություն տրամադրելու պատրաստակամության համար։

Մարզպետի ներկայացմամբ՝ Արարատի մարզում այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների թիվը կազմում է 15 հազար 596։

«Մինչ այս պահը մեր պետական մարմինների կողմից բոլոր քայլերն արվել են, որպեսզի մեր հայրենակիցներին կարողանանք պատշաճ ընդունել, ապահովել կեցության վայրերով, սննդով, առաջին օգնության պարագաներով։ Նշեմ, որ դպրոց հաճախող երեխաների թիվն այս պահին անցել է 1000-ը և փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի երեխաներն ինտեգրվեն և ուսումնական պրոցեսը պատշաճ իրականացվի։ Շնորհակալություն ձեր աջակցության համար»,- նշել է մարզպետը:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Մասակի Իկեգամին էլ հայտնել է, որ Ճապոնիայի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցություն կտրամադրի: Պաշտոնական աջակցության ծրագրի մասին կհայտարարեն հոկտեմբերի 5-ին:

«Այժմ մենք կոորդինացման գործընթացում ենք, բայց հոկտեմբերի 5-ին Ճապոնիայի կառավարությունը կհայտարարի ԼՂ-ից տեղահանված հայերին պաշտոնական աջակցության ծրագրի մասին, որն անհրաժեշտության դեպքում կլինի շարունակական: Այսօր երեկոյան ես վերադառնալու եմ Տոկիո և անմիջապես զեկուցելու եմ ստեղծված իրավիճակի մասին։ որ Լեռնային Ղարաբաղում երկու շաբաթ առաջ տեղի ունեցածն իրենց համար նույնպես մեծ ցնցում էր։ Այս տեսանկյունից Ճապոնիայի ԱԳ նախարարն անմիջապես արձագանքեց և իր ուղերձում ընդգծեց, որ Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- նշել է նա:

Մասակին ընդգծել է, որ Ճապոնիան և Հայաստանն ընդհանուր արժեքներ ունեն, որտեղ ամենակարևորը մարդու իրավունքներն ու միջազգային արժեքներն են, որոնց պահպանման ուղղությամբ նպատակ ունեն միասին աշխատելու:

Հանդիպման ավարտին Իկեգամի Մասակին հետաքրքրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքներով, որպեսզի օգնությունը լինի ավելի թիրախային, ինչին ի պատասխան՝ մարզպետ Սեդրակ Թևոնյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները, ներկայիս իրավիճակը և անհրաժեշտությունները:

Հանդիպումից հետո ճապոնական պատվիրակությունը մարզպետ Սեդրակ Թևոնյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել են Արտաշատ քաղաքում և Հնաբերդ վարչական շրջանում գտնվող կեցավայրեր, ուր ժամանակավորապես տեղավորվել են Լեռնային Ղարաբաղից բռի տեղահանված անձինք։ Ճապոնացիները զրուցել են վերջիններիս հետ, ծանոթացել նրանց պայմաններին, լսել բռնի տեղահանվածների պատմությունները և տեղեկացել առաջնահերթ քայլերի մասին, որոնք արվում են ՏԻՄ-երի կողմից՝ ի աջակցություն ԼՂ բնակիչների։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:13:10