Նորություններ
Մեկնարկել է «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»
03.11.2023
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Արտաշատյան հանրապետական թատերական փառատոնը»՝ նվիրված տվյալ թատրոնի պետական կարգավիճակ ստանալու 90-ամյակին և թամանյանական շենքի կառուցման 80-ամյակին:
Փառատոնն իրականացվում է Արտաշատի դրամատիկական թատրոնի, ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Հայաստանի թատերական գործիչների միության համատեղ աշխատանքի շնորհիվ:
Փառատոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը և այլք։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը:
Բացման արարողությանը հաջորդել է Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացման բեմականացումը՝ Երևանի Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանների մասնակցությամբ:
Ներկայացման բեմադրիչն է Նարինե Գրիգորյանը:
Փառատոնի շրջանակներում ներկայացումներ կլինեն մինչև նոյեմբերի 7-ը: