Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վեդի համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ՔՍԳ)

24.11.2023

Նոյեմբերի 22-ին Վեդի համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավարևելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի վարչության տարածաշրջանային տնօրեն Հայկե Բակոֆեն-Վարնեկեն, Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Լուկաս Ռոզենկրանցը, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ինչպես նաև համայնքի բնակիչներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ։

2015 թ. ի վեր Ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում հիմնվել է Քաղաքացիների սպասարկման 75 գրասենյակ։
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:

Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը թույլ է տալիս ապահովել համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կառավարում, բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:07:42