Նորություններ
Մխչյան բնակավայրում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացման արարողությունը
28.12.2023
Արարատի մարզի Մխչյան բնակավայրում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացման արարողությունը, որին մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն ու այլք։
Տարոն Անդրեասյանը հանրությանը հայտնի է մի տեսանյութից, որտեղ նա, հայտնվելով շրջափակման մեջ, հրաժարվել է գերի հանձնվել, միայնակ կռվել է ադրբեջանցիների դեմ և զոհվել:
Տարոնի հարազատների ու համագյուղացիների նախաձեռնությամբ նրա 30-ամյակի օրը Մխչյանում, ի հիշատակ պատերազմում զոհված տղաների, տեղի է ունեցել խաչքարի օրհնման կարգ: Հանդիսավոր կերպով բացվել է նաև Տարոն Անդրեասյանի անվան պուրակն ու նրա արձանը:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել խաչքարի և արձանի մոտ, մասնակցել կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ներկայացրել են Տարոն Անդրեասյանի կենսագրությունը, անցած ռազմական ճանապարհը:
Տարոն Անդրեասյանը 44-օրյա պատերազմի ժամանակ 27 տարեկան էր: Շուրջ 5 տարի ապրել էր Ռուսաստանում: Պատերազմի ժամանակ վերադարձել էր Հայաստան և կամավորագրվել: Տարոնը առաջնագիծ է մեկնել դասակի հրամանատարի պաշտոնով: Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր: