Նորություններ
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
31.12.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։
Ուղերձում ասվում է.
«Սիրելի’ հայրենակիցներ, ավարտին է մոտենում 2023 թվականը՝ լի մեր հայրենիքի ու ժողովրդի համար բազում մարտահրավերներով ու կորուստներով։
Որքան էլ ծանր ու ողբերգական էին անցնող տարվա օրերը, այնքան էլ կրկին մեզ համար ապացույցն էին այն բանի, որ անգամ ամենածանր պահին կարող ենք հաղթահարել առկա խնդիրներն ու լինել ուժեղ, եթե համախմբված ենք ու սիրում ենք միմյանց։
Անցնող տարում մարզի բոլոր համայնքներում մեծածավալ աշխատանքներ են տարվել. կառուցվել, վերակառուցվել են մի շարք կրթօջախներ, մարզադպրոցներ, ասֆալտապատվել են ճանապարհներ, հիմնանորոգվել ոռոգման և խմելու ջրագծեր, կյանքի են կոչվել կարևորագույն շատ այլ նախագծեր։ Քաղաքացիների կյանքը բարելավող մի շարք աշխատանքներ դեռ ընթացքի մեջ։ Նմանօրինակ ծրագրերի տեղատարափ կլինի նաև հաջորդ տարի։
Մեզ համար առաջնային էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիներին ընդունելը, նրանց առաջնային կարիքները հոգալը, կրթական ու սոցիալական մի շարք խնդիրները լուծելը։ Պետությունը, մարզն ու ամբողջ ժողովուրդը լծված է բռնի տեղահանված մեր քույր ու եղբայրներին օգնելու գործին։ Ահռելի ու նվիրական աշխատանք է կատարվել Արարատի մարզպետի աշխատակազմի, համայնքների ու մեր ենթակայությամբ գործող կրթական, բժշկական հաստատությունների կողմից, մեծ աջակցություն են ցուցաբերել նաև մի շարք բարերաներ։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին։
Ես վստահ եմ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քաղաքացիները պետության ու ժողովրդի հոգածությունը զգալու են նաև հաջորդ տարի։
Սիրելիներս, թող 2024 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության, զարթոնքի տարի։ Ուժ, կամք ու համառություն՝ ավելի հզոր երկիր կառուցելու ճանապարհին, մեր ընտանիքներին էլ ՝ առողջություն, հաջողություն, բարեկեցություն ու երջանկություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։