Նորություններ
Մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը շրջայց է կատարել համայնքներում
07.02.2024
Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Մասիս համայնքի Հովտաշատի միջնակարգ դպրոցի կառուցման շինհրապարակ։
Դպրոցը, որը նախատեսված է 576 աշակերտի համար, կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական Զարգացման բանկի միջոցներով։ Ծրագրի արժեքը կազմում է 1,9 միլիարդ դրամ։
Մարզպետի տեղակալը հետևել է աշխատանքների ընթացքին, հորդորել կառուցումն ավարտին հասցնել սահմանված ժամկետներում։
Նշենք, որ դպրոցի հին շենքն ունեցել է բարձր սեյսմիկ խոցելիության աստիճան և տնտեսապես արդյունավետ չէր դրա վերակառուցումը, ուստի Կառավարությունը որոշել է դպրոցի հին շենքի փոխարեն կառուցել նորը։ Վերոնշյալ դպրոցը կլինի սեյսմակայուն, շենքը նաև կհամապատասխանի էներգիայի արդյունավետության մասով կառավարության սահմանած պահանջներին, կունենա հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի հնարավորություն կամ ներառականության պահանջներին համապատասխանություն:
Վլադիմիր Խաչատրյանի հաջորդ կանգառը եղել է Սիփանիկ գյուղում Արտակ Ղարանղլցյանի ջերմատանը։ Գյուղատնտեսը տարիներ առաջ է ջերմատունը հիմնել սեփական գյուղում, սկզբում աճեցրել է լոլիկ ու վարունգ, հետագայում նաև բարձրարժեք մշակաբույսեր։ Ջերմատանը նոր հարկեր ավելացնել և բարձրարժեք սերմերով ցանքս անել հաջողել է «Մեր ժամանակների հերոսը» նախագծի շնորհիվ ստացած աջակցությամբ:
Փոքր տարածքում նվազագույն ծախսերով Արտակ Ղարանղլցյանը կարողանում է 10 տեսակի մշակաբույս և հատապտուղ աճեցնել։ Գյուղատնտեսն այսքանով, սակայն, չի բավարարվում, նպատակ ունի նոր հողատարածք գնել, մյուս ծրագրերն այնտեղ իրականացնել։
Փոխմարզպետն հյուրընկալվել է նաև Ռանչպար համայնքում Արման Բաղդասարյանի այգում։ Գյուղատնտեսն այստեղ սև սալոր է աճեցնում անցած տարվանից։ Այգին հիմնել է ՀՀ–ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021–2023 թվականների ծրագրով։