Նորություններ
Ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի չեմպիոններ
19.02.2024
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արարատի մարզից երկու մարզիկ նշանակալի հաղթանակներ են գրանցել։
Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի քառակի չեմպիոն։ 57 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանն ընդամենը 52 վայրկյանում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամետ Քարավուսի նկատմամբ:
Հարությունյանը ԵԱ-ում պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն նույն հաշիվը գրանցվել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի հետ գոտեմարտում:
Եվրոպայի առաջնությունում մյուս չեմպիոնը Արման Անդրեասյանն է։ 70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին: Հայ ըմբիշը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 8:5 հաշվով առավելության հասնելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ:
Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն: