Նորություններ
Ուսումնական վարժանքներ՝ քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ
04.03.2024
Քաղաքացիական պաշտպանության օրվա կապակցությամբ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 և Դեղձուտի միջնակարգ դպրոցներում անցկացվել են ուսումնական վարժանքներ:
Վարժանքներին ներկա են գտնվել Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի ներկայացուցիչները, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարարական վարչության պետ, փոխգնդապետ Արսեն Ղուկասյանը և վարչության պատասխանատու մյուս աշխատակիցները, ՀՀ ոստիկանության Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև պարեկային ծառայության ներկայացուցիչները:
Ուսումնական վարժանքներն իրականացվել են երկու փուլով՝ տեսական և գործնական: Օդային տագնապի ժամանակ վարքագծի անհրաժեշտ կանոնների մասին պատմող տեսաֆիլմը դիտելուց և համապատասխան հրահանգումները ստանալուց հետո աշակերտները կատարել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում նախատեսված գործողությունները:
Ուսումնական վարժանքին հաջորդել է քննարկում, որի ընթացքում շեշտադրվել են թույլ տրված սխալներն ու բացթողումները, նախանշվել են աշակերտների շրջանում քաղաքացիական պաշտպանության մասին գործնական գիտելիքները հարստացնելուն ուղղված գործողությունները: