Նորություններ
Տեղի է ունեցել մարզխորհրդի 2024 թվականի առաջին նիստը
12.03.2024
Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզխորհրդի 2024 թվականի առաջին նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուները։
Նիստի առաջին հարցը վերաբերվում էր մարզում Կառավարության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացին, որը ներկայացրել է Արարատի մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը։
Վերջինիս ներկայացմամբ՝ 2023 թվականին մարզում իրականացվել է 33 սուբվենցիոն ծրագիր, որոնց պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 15,6 միլիարդ դրամ։ Ծրագրերից շատերն արդեն ավարտվել են, որոշները, պայմանավորված որոշակի հանգամանքներով, տեղափոխվել են այս տարի։
2024 թվականի համար մարզից ներկայացվել է 23 ծրագրային հայտ՝ 12,8 միլիարդ դրամի։ Ծրագրերը դեռևս քննարկվում են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Նշվել է նաև, որ համայնքները պետք է 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերը ներկայացնեն մինչև սույն թվականի ապրիլի 30–ը։
Մարզի ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը և դրանցում մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ամենօրյա հետևողական ու միասնական աշխատանքին՝ ընդգծելով կատարվող և կատարվելիք աշխատանքների որակի կարևորությունը:
Այնուհետև հարակից զեկույցով է հանդես եկել մարզպետի աշխատակազմի Ֆինանսական վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանը, ով ներկայացրել է մարզի համայնքների 2023 թվականի բյուջեների եկամուտների կատարողականը։
Լեռնիկ Խաչատրյանի ներկայացմամբ՝ 2023 թվականին համայնքների բյուջեների եկամտային մասի՝ նախատեսված տարեկան 18 միլիարդ 349.8 միլիոն դրամի դիմաց մուտքերը կազմել են 18 միլիարդ 69.7 միլիոն դրամ կամ եկամուտները կատարվել են 98.5 %-ով:
Նախորդ տարվա հետ համեմատած մուտքերը ավել են կատարվել 7 միլիարդ 670.1 միլիոն դրամով: Սեփական եկամուտների՝ նախատեսված 5 միլիարդ 348.9 միլիոն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 5 միլիարդ 741.1 միլիոն դրամ, սեփական եկամուտները կատարվել են 107.3 %-ով, նախորդ տարվա հետ համեմատած մուտքերը ավել են կատարվել 1 միլիարդ 691.6 միլիոն դրամով:
Նիստին անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիների խնդիրներին։ Սեդրակ Թևոնյանը մարզպետարանի աշխատակիցներին և համայնքների ղեկավարներին հորդորել է պարբերաբար հանդիպումներ անցկացնել վերջիններիս հետ, արձանագրել առկա բոլոր խնդիրներն ու հնարավորինս արագ լուծումներ տալ դրանց։
Նիստին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական, կրթական, առողջապահական և բազմաթիվ այլ խնդիրներին առնչվող հարցերի։