Նորություններ
Մարզպետն այցելել է Վեդու ջրամբար, ծանոթացել Վեդի համայնքի բնակավայրերում ընթացող շինաշխատանքների ընթացքին
05.04.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Վեդու ջրամբար։
Ջրամբարի շինհրապարակում մարզպետին ներկայացվել է աշխատանքների կատարման ընթացքը, ոռոգման ջրանցքի և օժանդակ այլ կառույցների գործառութային նշանակությանը։ Ներկայացվել է նաև, որ ջրամբարի կառուցման աշխատանքները գրեթե ավարտական փուլում են։
Նշենք, որ Վեդու ջրամբարը կառուցվում է Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, այն լցնելու ջրաղբյուր է հանդիսանալու Վեդի և Խոսրով գետերի՝ գարնանային ամիսների վարարային/ազատ հոսքը:
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցմամբ ջրամբարի իշխման տակ կորուստները կկրճատվեն 20-25%-ով, կնվազի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը, ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, կբարձրացվի մշակաբույսերի բերքատվությունը, էլեկտրաէներգիայի տարեկան տնտեսումը կկազմի մոտ 19.0մլն կվտ/ժամ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Մարզի ղեկավարը այցելել է նաև Վեդի քաղաքում ընթացող ամֆիթատրոնի կառուցման շինհրապարակ։ Քաղաքային ամֆիթատրոնը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, հիմնանորոգումը սկսվել է նախորդ տարի։ Շինարարությունն ավարտական փուլում է։ Ծրագրի արժեքը կազմում է 210 միլիոն 204 հազար դրամ։
Սեդրակ Թևոնյանը եղել է նաև Ուրցաձոր բնակավայրում, ուր Կառավարության սուբվենցիոն ծրագրով կառուցվում է ոռոգման ջրագիծ։
Շուրջ 9 կմ երկարությամբ նոր համակարգը մասնակի կլուծի տարածքի ոռոգման խնդիրը։ Շինարարությունը սկսվել է 2023 թվականին, կավարտվի առաջիկա ամիսներին։
Ծրագրով ոռոգման ջրամբար է կառուցվում նաև Վեդի համայնքի Լուսաշող բնակավայրում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազում է 264 միլիոն 739 հազար դրամ՝ պետություն–համայնք՝ 70%-30% հարաբերակցությամբ։