Նորություններ
Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում
10.04.2024
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպվել էր պոեզիայի երեկո:
Միջոցառմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ իրենց տիկնանց ուղեկցությամբ, անմահացած հերոսների մայրեր ու կանայք, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ և այլ հրավիրյալներ:
Երեկոյի մեկնարկին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ջերմորեն շնորհավորել է մայրերին և կանանց՝ մաղթելով սեր ու ջերմություն, ընտանեկան օջախի բարեկեցություն: Եվս մեկ անգամ ընդգծելով հայ կնոջ ոգու ամրությունն ու դժվարությունները հաղթահարելու մեծ կամքը՝ նա իր որդիական խոնարհումն է հայտնել հերոսածին և առհասարակ բոլոր մայրերին:
Երեկոյի ընթացքում Արթուր և Հրաչուհի Ութմազյանները շուրջ երկու ժամ կարդացել են Պարույր Սևակի, Համո Սահյանի և Սիլվա Կապուտիկյանի հատընտիր ստեղծագործությունները:
Արթուր Ութմազյանը նաև հուշեր է պատմել մեծն Սևակից, ով իրեն պատգամել էր տեսնել ու հանդիսատեսին փոխանցել բանաստեղծական լույսը: