Նորություններ
Մարզպետն ընդունել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետին
22.04.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին և ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանին։
Արարատի մարզպետը, ողջունելով էկոպարեկային ծառայության ղեկավար կազմին, կարևորել է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությունը՝ էկոպարեկային ծառայության ստեղծումը և գործունեությունը: Սեդրակ Թևոնյանը նաև հայտնել է իր պատրաստակամությունը համագործակցել շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներում։
Էկոպարեկային ծառայության պետ Կիրակոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետ Թևոնյանին ընդունելության համար և վստահեցրել, որ կարևորում է ՏԻՄ-երի հետ արդյունավետ համագործակցությունը և ողջունում շրջակա միջավայրն ավելի լավը դարձնելուն ուղղված յուրաքանչյուր քայլ։
Կիրակոսյանը նաև նշել է, որ էկոպարեկային ծառայությունն ունենալու է 7 մարզային ստորաբաժանում և շեշտել, որ, էկոպարեկային ծառայության գործունեությամբ պայմանավորված, ստեղծվելու են նոր աշխատատեղեր, Վայոց ձորի ու Արարատի մարզային վարչության 118 նոր աշխատատեղերի կեսը Արարատի մարզում է լինելու:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված և օրենսդրությամբ նախատեսվող քայլերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր: