Նորություններ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել է Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց
30.04.2024
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպել է բարձր դասարանների աշակերտների հետ:
Դպրոցականների հետ հանդիպումը կազմակերպվել է Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Զրույցին ներկա են եղել նաև Արարատի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Սերունդ» ծրագրի համակարգողները, ՄԻՊ ներկայացուցիչները:
Անահիտ Մանասյանը, խոսելով մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հիմքում ընկած արժեքների մասին, ընդգծել է հանդուրժողականության և համագործակցային վարքագծի կարևորությունը: Պաշտպանը արտահայտել է իր համոզմունքը, որ նշված արժեքները հնարավոր է արմատավորել միմիայն կրթության միջոցով:
«Այդ առումով յուրաքանչյուրս պետք է դրսևորի մոդելային վարքագիծ։ Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով։ … Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության», - նշել է Պաշտպանը:
Զրույցի ընթացքում դպրոցականները իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Պաշտպանին, ինչպես նաև քննարկվող թեմաների վերաբերյալ արտահայտել են իրենց կարծիքը:
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը դպրոցականներին հանձնել է հուշանվերներ, պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց նախաձեռնություններին։