Նորություններ
Մարզի դպրոցականները կրթական ծրագրով այցելել են Գերմանիա
13.05.2024
Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան № 1 հիմնական դպրոցի և Գերմանիայի Սաարբրուգեն Բելլեվուե համայնքային դպրոցի միջև հաստատվել են համագործակցային հարաբերություններ: Այդ հարաբերությունների հիմքում ընկած է 2019 թվականին կողմերի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը:
Համագործակցության նախաձեռնողներն են Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան № 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Վարդուհի Կարապետյանը և Սաարբրուգեն Բելլեվուե համայնքային դպրոցի ուսուցիչ Սեբաստիան Քլուգեն: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Արարատ Գոլեցյանի անվան № 1 հիմնական դպրոցի տնօրեն Թինա Մարգարյանի ղեկավարությամբ և նույն դպրոցի անգլերենի ուսուցչուհի Աննա Գրիգորյանի գործուն աջակցությամբ:
Երկու դպրոցների միջև համագործակցության նպատակը աշակերտների շրջանում անգլերենի և գերմաներենի իմացության կատարելագործումը, միջմշակութային հաղորդակցության խթանումը, փոխադարձ ճանաչողության մակարդակի բարձրացումն է:
Ծրագիրը ֆինանսավորվում է «Արևմուտք-արևելք հանդիպում» բարեգործական հիմնադրամի (Stiftung West-Östliche Beziehungen), «Դպրոցներ. ապագայի գործընկերներ» նախաձեռնության (PASCH-Initiative DES PAD), Զարլենդի կառավարության և անհատ բարերարների կողմից:
Համատեղ մշակված ծրագրի շրջանակներում աշակերտները ձևավորել են թիմեր և ընտրված թեմաների շուրջ աշխատել Գերմանիայի իրենց թիմակիցների հետ: Առցանց ձևաչափով շփումներից հետո՝ 2024 թվականի ապրիլի 16-24-ին, 9-րդ դասարանի թվով 12 աշակերտներ մեկնել են Գերմանիա:
Այցի ընթացքում աշակերտները ներգրավված են եղել թիմային աշխատանքներում և տվյալ դպրոցի ուսումնական գործընթացում՝ աշխատելով «Լեզուների բազմազանությունը մեր կյանքում» խորագրով համատեղ ծրագրի վրա: Աշակերտները նաև այցելել են տեսարժան վայրեր, Եվրոխորհրդարան և թանգարաններ՝ ծանոթանալով և ինքնուրույն հետազոտելով տեղի մշակութային կյանքն ու առանձնահատկությունները:
Առաջին այցը Բելլեվուե համայնքային դպրոց կազմակերպվել էր 2023 թվականին, երբ 9-րդ դասարանի թվով 11 աշակերտներ իրենց երկու ուսուցչուհիների և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ մեկնել էին Գերմանիա: Առաջին համատեղ նախագիծը կրում էր «Իմ հայրենիքը» խորագիրը:
Հարկ է նշել նաև, որ երկու այցերի ընթացքում էլ աշակերտները հյուրընկալվել են տեղացի ընտանիքներում:
Ծրագրի հաջողված պատմությունը լուսաբանվել է Գերմանիայի Saarbrücker Zeitung օրաթերթում: