Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատում անցկացվել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի միջազգային հուշամրցաշար

23.05.2024

Արտաշատում մայիսի 19-20-ը 28-րդ անգամ անցկացվել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի միջազգային հուշամրցաշարը, որին ավելի քան 120 մարզիկ է մասնակցել՝ Երևանից, Վանաձորից, Կապանից, Արտաշատից, Գյումրիից և Վրաստանից:

Արտաշատի վերակառուցված մարզադաշտում անցկացված մրցումներին հետևել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Գառնիկ Ղուկասյանի մարզական և մարտական ընկերները, նախկին մարզիչներն ու բազմաթիվ մարզասերներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մարզպետը պարգևատրել են մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին։ Չեմպիոնի կոչումը նվաճել է Երվանդ Մկրտչյանը։ Հայաստանի առաջատար վազորդը մրցատարածությունը հաղթահարել է 8:25.99 րոպե արդյունքով և զբաղեցրել առաջին հորիզոնականը:


Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի տեղեկացմամբ՝ Գառնիկ Ղուկասյանի հուշամրցաշարը վերջին տարիների պատմության մեջ առաջին անգամ միջազգային մրցաշարի կարգավիճակ է ստացել, իսկ արդեն հաջորդ տարվանից լիարժեքորեն ընդգրկված կլինի միջազգային օրացույցում՝ դառնալով Հայաստանի եզակի միջազգային մրցաշարերից մեկը:

Մրցաշարին մասնակցել է Հայաստանի հավաքականի ամբողջ կազմը. ժամանել էր նաև ամերիկաբնակ վազորդ Ալիսոն Հալվերսոնը:

«Միջազգայինի կարգավիճակից զրկված լինելու պատճառը մրցումային պայմանների բացակայությունն էր. Արտաշատի մարզադաշտը վերակառուցվում էր, և վերջին 10 տարիների ընթացքում այստեղ գրեթե անհնարին էր նորմալ մրցումներ կազմակերպել: Բավականին ընդգրկուն մրցաշար է և լավ ստուգատես մեր հավաքականի մարզիկների համար», - ասել է գլխավոր մարզիչը:

Խոսելով արդեն վերակառուցված մարզադաշտի մասին՝ Գրիգոր Բարսեղյանն ընդգծել է, որ ծածկույթը միջազգային չափանիշներին համապատասխանում է: Դեռևս որոշակի գույքի կարիք կա. առաջիկայում ևս ակնկալվում է գույքային նոր համալրում. «Բոլոր մրցաձևերից կկարողանանք պատշաճ մրցումներ անցկացնել: Հիմա անցկացնում ենք այն մրցաձևերով, որոնք կարող ենք կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Առաջիկայում կունենանք բարձրացատկի հատված, անվտանգության ցանցով սկավառակի և մուրճի նետման հատվածներ», - մանրամասնել է Գրիգոր Բարսեղյանը՝ համոզմունք հայտնելով, որ հաջորդ տարի այս մրցումներին նվազագույնը 5-6 երկիր կմասնակցի:

Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի միջազգային հուշամրցաշարի շրջանակում անցկացվել են նաև կանանց ու տղամարդկանց 100 մետր, 400 մետր և 1500 մետր վազքի, կանանց և տղամարդկանց հեռացատկի ու եռացատկի, ինչպես նաև տղաների գնդի հրման և նիզակի նետման մրցումները, 200 և 800 մետր վազքի մրցումները: Յուրաքանչյուր օրվա մրցաձևերի ավարտին անցկացվել են նաև 4 X 100 և 4 X 400 մետր փոխանցավազքի մրցումները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55