Նորություններ
Մարզպետի ուղերձը Վերջին դասի կապակցությամբ
24.05.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ։
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ավարտում եք դպրոցը, վերջին զանգն ազդարարում է նոր կյանքի սկիզբը։
Մտնում եք մի նոր աշխարհ՝ խելահեղ ու գունավոր, միևնույն ժամանակ՝ բարդ և լի մարտահրավերներով։
Ձեր կյանքի հաջորդ փուլը լինելու է ավելի պատասխանատու․ երբեմն սխալվելու եք, ընկնեք ու նաև հիասթափվեք, բայց միշտ հիշեք՝ պետք է առաջ շարժվեք՝ ստեղծելով նորը, համարձակը, տարբերվողը։ Որ ոլորտում էլ, որ ջանք ներդնեք, պահպանեք ձեր սկզբունքները, եղեք պատասխանատու ինքներդ ձեր, ձեր երկրի ու հանրության առաջ։
Շուտով կարևոր ևս մեկ քայլ եք անելու ձեր ապագայի համար՝ ընտրելու եք մասնագիտություն։ Սիրելիներս, ընտրությունը կատարեք ինքներդ, այլ ոչ ուրիշները։ Կլինի ուսուցչի, բժշկի, իրավաբանի, թե՝ դարբնի մասնագիտություն, այն պետք է ձեզ ամեն օր կատարելագործվելու ոգեշնչում լինի։
Ուզում եմ շնորհավորել նաև բոլոր մանկավարժներին. այսօր շատ հուզական օր է նաև ձեզ համար։ Բոլորս մեր ստացած գիտելիքների, մեծ ու փոքր հաջողությունների համար առաջին հերթին պարտական ենք մեր ուսուցիչներին։ Շնորհակալություն ձեր կատարած մեծ աշխատանքի համար։
Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ կարևոր օրվա առիթով՝ մաղթում եմ լուսավոր ու կանաչ ուղի։
Բարի ճանապարհ դեպի նոր կյանք»։