Նորություններ
Վարչապետն ու մարզպետը Վեդի համայնքում մասնակցել են ամֆիթատրոնի բացման արարողությանը
31.05.2024
Արարատի մարզի Վեդի համայնքում այսօր տեղի է ունեցել ամֆիթատրոնի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ու այլք։
Ամֆիթատրոնի վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի օգոստոսին։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 210 մլն դրամ։ Միջոցները հատկացրել է կառավարությունը:
Ամֆիթատրոնի վերակառուցման վերաբերյալ համապատասխան հանձնարարականը տվել էր վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը շնորհավորել է Վեդիի բնակիչներին ամֆիթատրոնի բացման առիթով: «Մաղթում եմ, որ այն միշտ լեցուն լինի կյանքով, ուրախ տրամադրությամբ, երեխաներով, ծնողներով, երիտասարդությամբ և ամենակարևորը՝ ապագային նայող բովանդակությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը` դիմելով երեխաներին, կարևորել է վերջիններիս համար բարձրորակ կրթության ապահովումը, ինչը կնպաստի, որպեսզի նրանք առաջին հերթին վայելեն կյանքը: «Կյանքն այնքան բարդ բան է՝ տառապանքն ինքն իրեն կգա, ոչ ոք թող հանկարծ չանհանգստանա, թե որևէ մեկը կմնա առանց տառապանքի: Բայց մենք պետք է երեխաներին կարողանանք պատրաստել լիարժեք կյանքի՝ լիաթոք ապրելու այդ կյանքը, վայելելու այդ կյանքը և փոխանցելու այդ կյանքի տրամաբանությունն ու լիցքն ուրիշներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետին է ներկայացվել նաև Վեդիի քաղաքային լճի վերակառուցման, նոր շինությունների կառուցման և հարակից տարածքի բարեկարգման նախագիծը:
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: