Նորություններ
Մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանրային քննարկում
03.06.2024
Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանրային լսում՝ Առողջապահության նախարարության, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), մարզպետի աշխատակազմի հետ համատեղ մեկնարկող «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում:
Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի և Ասիական զարգացման բանկի մասնագետները ներկայացրել են «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ծրագրի» սոցիալական և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության բաղադրիչները:
Ծրագիրն իրագործվելու է Կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրի, ինչպես նաև Առողջապահության նախարարության Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագրի հիման վրա:
Նախատեսված է 4 տարվա ընթացքում տարբեր մարզերի 19 բուժամբուլատորիաների, այդ թվում՝ Արարատի մարզի 3 ամբուլատորիաների (շուրջ 2600 բնակչի սպասարկող Դիմիտրովի, 3600 բնակչի սպասարկող Այգեստանի, 2540 բնակչի սպասարկող Դվինի բուժամբուլատորիաներ) նախագծում, կառուցում, վերականգնում և սարքավորումներով հագեցում:
Ասիական զարգացման բանկի փորձագետ, բնապահպանության հարցերով մասնագետ Էդիտա Վարդգեսյանի խոսքով՝ նման ձևաչափի հանդիպումները առավել կարևոր են հնարավոր շահառուների հետ կապը պահպանելու, ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնելու և հնարավոր խնդիրները լուծելու եղանակներ գտնելու առումով:
Ասիական զարգացման բանկը ֆինանսավորումը տրամադրելու է՝ վարկային արդյունքահեն գործիքի կիրառմամբ:
Ծրագրի փորձագետները անդրադարձել են նաև շրջակա միջավայրի պահպանության և ԱԶԲ քաղաքականության համապատասխանության հարցին, ոչ կամավոր տարաբնակեցման բաղադրիչին և բողոքների ներկայացման մեխանիզմին:
Քննարկումն ավարտվել է հարց ու պատասխանի փուլով: