Նորություններ
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին ներկայացվել է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը
10.06.2024
ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել իրազեկող հանդիպում Արցախից բռնի տեղահանված և Արարատի մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ:
Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Հովհաննես Ուրֆալյանը, մարզպետի խորհրդականներն ու այլք։
Հովհաննես Ուրֆալյանը քաղաքացիներին է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները:
Ծրագիրն իրականացվում է աջակցության երեք ուղղություններից որևէ մեկով՝
- բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տուն ձեռքբերելու հավաստագրի տրամադրում,
- անհատական բնակելի տուն կառուցելու հավաստագրի տրամադրում,
- գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն:
Ծրագրից օգտվելու համար շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն:
Մեկ անձին հատկացվող բազային գումարը 3 միլիոն դրամ է, որը գործակիցներով հասնելու է մինչև 5 միլիոն դրամի։ Գործակիցը տարբեր բնակավայրերից, գոտիականությունից և այլ հանգամանքներից է կախված:
Շահառու չեն կարող լինել այն ընտանիքները, որոնց անդամներից առնվազն մեկը 19.09.2023 թվականին կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն:
Ծրագիրը իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում կընդգրկվեն 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահաս ունեցող ընտանիքները, տարբեր խոցելի խմբերի պատկանող անդամներ ունեցող ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները կամ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից:
Հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանի փուլով:
Նշենք, որ արցախցիների հետ նմանատիպ հանդիպումներ անցկացվել են նաև մարզի մյուս համայնքներում։