Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել հանդիպում՝ «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում

20.06.2024

Արարատի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում՝ «Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը մասնակցել են Մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Սննդամթերքի անվտանգության վարչության, Անասնաբուժության բաժնի, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաև խոշորացված համայնքների, բնակավայրերի պատասխանատուները, անասնապահությամբ զբաղվող ֆերմերներ, սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) համարակալման և հաշվառման գործընթացի մանրամասները և հնարավոր դժվարությունները: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հավաստմամբ՝ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման հաջող փորձը հնարավորություն է տալիս մտածելու ծրագրի իրականացման հաջորդ փուլի՝ մանր եղջերավոր կենդանիների համարակալման մասին:

Ծրագրի իրականացման գործընթացի կարևոր բաղադրիչ է ՄԵԿ-ի նույնականացման անհատական համարով ականջապիտակի ամրացումը, որին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ: Անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է էլեկտրոնային տեղեկատվական հարթակի միջոցով կենդանու վերաբերյալ տեղեկություն տրամադրեն (անասնատեր, կենդանու նույնականացման անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն):

Ծրագիրն իրականացվում է մի քանի նպատակներով՝ հանրապետության տարածքում կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողության բարելավում, բարձրորակ անասնապահական հումքի և մթերքի արտադրության ապահովման բարելավում, կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացում, կենդանիների կերակրման, պահպանման, անասնահակահամաճարակային միջոցառումների, ինչպես նաև կենդանիների սպանդի, կենդանիների ծագման հումքի և մթերքի վերամշակման, պահեստավորման և իրացման արդյունավետության գնահատում:

Ներկաները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը՝ առաջիկայում դրանց համար պատշաճ լուծումներ գտնելու ակնկալիքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20