Նորություններ
ԿԳՄՍ նախարարն այցելել է Արարատի մարզ
15.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել էր Արարատի մարզ, հետևել մի շարք բնակավայրերի նոր կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող ուսումնական հաստատություններում ընթացող աշխատանքներին:
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը, Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Յուրի Մարտիրոսյանն ու պատասխանատու շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Փոքր Վեդու Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում էր, որը վերակառուցվում է Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով: Նախկին երեքի փոխարեն վերակառուցվող դպրոցն ութ մասնաշենք կունենա` հագեցած անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Դպրոցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից: Աշխատանքների զգալի մասն իրականացվել է, սակայն, ըստ շինարարների, ավարտի և շահագործման համար շուրջ 6 ամիս կպահանջվի:
ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառն Արտաշատի ավագ դպրոցում էր, որը հիմնանորոգվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Շինարարների ուղեկցությամբ նախարարը հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին, նրան ներկայացվել են խնդրահարույց մի քանի հարցեր, որոնք պահանջում են մասնագիտական քննարկումներ և լուծումներ: Պատասխանատուների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են նախատեսված ժամանակացույցով, ըստ որի դպրոցը շահագործման կհանձնվի շուրջ 1 տարուց։ Հիմնովին նորոգված այս դպրոցում կկազմակերպվի ավելի քան 450 սովորողի կրթությունը՝ ժամանակակից պահանջներին համահունչ:
Հաջորդիվ՝ Ժաննա Անդրեասյանն այցելել է Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, որտեղ իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ. դրանք արդեն ավարտական փուլում են: Երկրորդ մասնաշենքում կառուցվում են բնագիտական լաբորատորիա, մարզադահլիճ և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներ: Նախարարը ծանոթացել է ենթակառուցվածքային և գույքային պայմաններին։ Շրջայցի ընթացքում նախարարն արձանագրել է որոշակի խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն․ դրանց առնչությամբ տեղում տրվել են հանձնարարականներ: Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների ստեղծման աշխատանքներում նախարարն ուշադրություն է հրավիրել ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքների իրականացմանը՝ շեշտելով, որ լաբորատորիաներն անպայման պետք է ապահովված լինեն հոսող ջրով:
ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Հովտաշատի միջնակարգ դպրոցում էր, որը ևս վերակառուցվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով և կունենա 6 մասնաշենք: Շինարարության հարցերով պատասխանատու ընկերության ներկայացուցչի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում վերակառուցման աշխատանքներն իրականացվել են շատ բարձր տեմպերով: Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել հաջորդ տարի: Ավելի քան 650 սովորողի համար նախատեսված դպրոցն ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, կունենա ֆուտբոլի խաղադաշտ, գրադարան, լաբորատորիաներ և այլն:
Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում վերանորոգվող դպրոցների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է մոտակա բնակավայրերի դպրոցներում․ աշակերտների տեղափոխությունն իրականացվում է պետության կողմից հատկացված բարձրակարգ ավտոբուսներով: