Նորություններ
Նախարարն ու մարզպետն այցելել են մետաղաձուլական գործարան
09.08.2024
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել են Արարատի մարզում կառուցվող մետաղաձուլական գործարան։ Այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
Մետաղագործական արտադրությունը գործարկվելու է հայ-ամերիկյան «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ ձեռնարկության կողմից։ Գործարանը մասնագիտանալու է սև մետաղների, այդ թվում՝ ամրանների, պողպատե անկյունների, խողովակների արտադրության մեջ։ Այս գերժամանակակից կառույցը խոշոր ներդրում է Հայաստանի արդյունաբերական ենթակառուցվածքում և ակնկալվում է, որ էական ներդրում կունենա երկրի տնտեսության մեջ:
Նախատեսվում է առաջին փուլով 30 մլն դոլարի (երկրորդ փուլով ևս 40 մլն դոլարի) ներդրում, ստեղծվելու է շուրջ 300 նոր աշխատատեղ։
«Ջի Թի Բի Հոլդինգս»-ի տնօրեն Տիրան Հակոբյանի և ներդրող Բոբբի Կանգի ուղեկցությամբ նախարարն ու մարզի ղեկավարը շրջել են գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական կարողություններին և առաջադեմ տեխնոլոգիաներին, որոնք կկիրառվեն բարձրորակ պողպատե արտադրանքի արտադրության մեջ։
Ծրագիրն իրականացվել է ինչպես միջազգային ներդրողների, այնպես էլ Ֆասթ Բանկի ջանքերով։