Նորություններ
Արարատի մարզում անցկացվել է դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը
28.08.2024
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արարատի մարզում անցկացվել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, ԿԶՆԱԿ-ի, մարզպետի աշխատակազմից այլ ներկայացուցիչներ։
Նախքան խորհրդակցությունը Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու նախարարի տեղակալը շրջել են առաջին անգամ անցկացված կրթական էքսպոյում, որին մասնակցել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենները, փոխտնօրեններն ու ուսուցիչները։ Կրթական էքսպոյում ներկայացվել են 13 դպրոցի նախագծային աշխատանքներ։
Մարզի ղեկավարն ու նախարարի տեղակալը ծանոթացել են աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել նրանց հետ։
Այունհետև տեղի ունեցած խորհրդակցությանը նախարարի տեղակալը ներկայացրել է նախորդ ուսումնական տարվա արդյունքները, ավարտական քննությունների և բուհ ընդունվողների ցուցանիշները։ Ներկայացվել են նաև առաջիկա ուստարվա ծրագրերը, կամավոր և հերթական ատեստավորմանը, դպրոցների կառավարմանն ու ոլորտին առնչվող այլ հարցեր։
Արաքսիա Սվաջյանը նաև շնորհակալագրեր է հանձնել 2024թ․ «Ամսվա լավագույններ» մրցույթի տարբեր անվանակարգերում Արարատի մարզից հաղթած տնօրեններին և ուսուցիչներին։
Խորհրդակցության վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան։