Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարը այցելել են մարզի գործարաններ

13.09.2024

 Նախարար Գևորգ Պապոյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Նախարարը նախ այցելել է «Ոստան գինու գործարան» ՍՊԸ, շրջել ընկերությունում և ծանոթացել մթերման գործընթացին։ Ընկերությունում արդեն իսկ մթերվել է 1300 տոննա խաղող, մթերման քանակի սահմանափակում չունեն։

Այնուհետև վերջիններս այցելել են Այգեպատ համայնքում գտնվող «Բագրատ Գրուպ» ՍՊԸ, որն ունի 3 ենթակայան, դրանցից մեկն արդեն հասցրել է մթերել շուրջ 1000 տոննա խաղող։ Ընդհանուր առմամբ ընկերությունը նախատեսում է ընթացիկ տարում մթերել ավելի քան 20 հազար տոննա խաղող։

Նախարարի և մարզպետը հաջորդ կանգառը «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Արարատի մասնաճյուղում էր։ Այստեղ մթերումները մեկնարկել են այսօր․ միայն այս մասնաճյուղում նախապես կնքվել է 12 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր, մթերման գինը սահմանվել է 140 դրամից սկսած։ Ընկերության Արմավիրի մասնաճյուղում մթերումները նախօրեին են մեկնարկել, իսկ
Բերդի մասնաճյուղում կմեկնարկեն առաջիկայում։

Գինեվետ համայնքում նրանք հետևել են «Վեդի-Ալկո» ՍՊԸ-ում մթերումների կազմակերպմանը։ Ընկերությունն արդեն մթերել է շուրջ 2000 տոննա խաղող, մթերման քանակի սահմանափակում չունեն։

«Վեդի-Ալկո» ՍՊԸ-ն օգտվել է կառավարության ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրից՝ ձեռք բերելով նորագույն սարքավորումներ և արդիականացնելով արտադրական գործընթացը։

Այցի ընթացքում նախարարն ու մարզի ղեկավարը նաև զրուցել են գյուղացիների և տնտեսավարողների հետ խաղողի մթերմանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ մթերման ծավալների և մթերման գնի շուրջ, լսել նրանց հուզող հարցերը։

Բնակիչները մեծամասամբ նշել են, որ բերքի մթերման գնից, հերթերից ներկա պահին դժգոհություն չունեն։

Ընդհանուր առմամբ՝ այցի ընթացքում պարզ դարձավ, որ մթերվող խաղողի գինը տատանվում է 130-140 դրամի շրջակայքում, դատելով ընթացքից՝ այս տարի գյուղացիները խաղողի իրացման խնդիր չեն ունենալու։

Աղբյուրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20