Նորություններ
Արարատի մարզպետի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առիթով
21.09.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով։
Ուղերձում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։
1991թվականին բավականին բարդ պայմաններում հայ ժողովուրդը որոշեց անկախանալ։
Հայ ժողովուրդն անկախության հասավ՝ անցնելով աննախադեպ դժվարին ճանապարհով, ու արդեն երեք տասնամյակից ավելի մենք ընթանում ենք այդ ուղով՝ ավելի լավ և ուժեղ Հայաստան կառուցելու նպատակով: Անցած 33 տարիները վկայում են, որ ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է, եթե միասնական ենք, եթե վճռական ենք և համերաշխ։
Պետք է միշտ գիտակցենք մի բան՝ մեզ ոչ ոք չնվիրեց անկախություն, մեզ այսօր էլ, վաղն էլ ոչ ոք չի նվիրելու Ազատ և Անկախ պետություն։
Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, կրկին լինելու է մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, մեր ամենօրյա աշխատանքի, միմյանց հանդեպ սիրո ու հանդուրժողականության արդյունքում։
Չխնայենք ոչինչ հանուն մեր երկրի, գործի վերածենք մեր խոսքը, կյանքի կոչենք նոր գաղափարներ՝ ի շահ մեր Հայաստանի ապագայի։
Տեր ու պահապան լինենք մեր անկախությանը, մեր հայրենիքին:
Կեցցե՛ անկախ Հայաստանը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը»։