Նորություններ
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշար․ կայացել է մարզային փուլը
25.09.2024
Արարատի մարզում երեկ կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը։
Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածում իրենց ուժերն են փորձել մարզի միջնակարգ և ավագ դպրոցների շուրջ 140 աշակերտներ։ Մրցաշարն անցկացվել է Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ։
️
Մրցաշարին հետևել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, մարզպետի խորհրդականները և վարչության աշխատակիցները։
Համառ պայքարի արդյունքում հանրապետական փուլի ուղեգիր են նվաճել Ուրցաձորի, Փոքր Վեդու և Սուրենավանի թիմերը։ Գավաթները հաղթողներին է փոխանցել մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արարատի մարզի 91 միջնակարգ և ավագ դպրոցներին են տրամադրվել 2-ական հեծանիվ և նույնքան սաղավարտ։ Այդ հեծանիվներով էլ աշակերտները երեկ մասնակցել են հեծանվավազքի մարզային փուլին, իսկ հաղթողները սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կմասնակցեն եզրափակիչ փուլին։