Նորություններ
Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի մարզում․ քննարկում Մարզպետի աշխատակազմում
21.11.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հյուրընկալել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի թիմի ղեկավար Ստեֆան Ռոզնոուի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանն ու Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Կտրակյանը։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
Հանդիպման ընթացքում ծրագրի թիմը ներկայացրել է Արարատի մարզի համար նախատեսված միջոցառումները՝ ուրվագծելով հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները: Քննարկվել է ջրային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների հասանելիության կարևորությունը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները, որոնք խոչընդոտում են մարզի տնտեսական աճին:
Մարզպետը ողջունել և իր աջակցությունն է հայտնել ծրագրին՝ դրա լիակատար իրականացումը շատ կարևոր ու պահանջված համարելով Արարատի մարզի համար։
Արարատի մարզում ավելի դիմակայուն և արդյունավետ գյուղատնտեսական համակարգ ստեղծելու վերաբերյալ փոխանակվել են մտքեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօրինակ հանդիպումներ անցկացնել նաև մարզի համայնքներում։
Նշենք՝ ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։