Նորություններ
Առողջապահության նախարարն այցելել է «Արտաշատի» ԲԿ
22.11.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն:
Նա և Արարատի մարզպետը հանդիպում են ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ։
Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին` նշելով, որ ընթանում է նաև իրավական գործընթաց։
«Ֆինանսական և կառավարչական սխալները չպետք է անդրադառնան բուժաշխատողների աշխատանքային իրավունքների և պայմանների վրա:
Անհրաժեշտ է շարունակել պատշաճ բուժօգնություն տրամադրել մեր քաղաքացիներին։ Բժշկական կենտրոնը սարքավորոմներով հագեցնելու հարցը իմ օրակարգում կլինի։ Պետք է համատեղ աշխատենք առկա խնդիրները արագ կարգավորելու ուղղությամբ, իսկ ձեզնից ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական և ֆինանսական կարգապահություն»,- իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը հավելել է, որ բուժկենտրոնում կլինի վարչական հատվածի փոփոխություն։ Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով: