Նորություններ
Արարատ համայնքում կեղտաջրերի մաքրման կայան է կառուցվում
16.12.2024
Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը 312 723 000 դրամ է, որից 65%–ը հատկացնում է Կառավարությունը, 35%–ը՝ համայնքը։
Ծրագիրն իրականացվելու է 2 փուլով։ Կայանն ամբողջությամբ կկառուցվի արդեն հաջորդ տարի։
ՈԿՖ բանավան թաղամասի և Արարատ գյուղի կոյուղագծերը միացված չեն քաղաքի կոյուղու հավաքիչին /կոլեկտորին/, ինչի պատճառով չմաքրված կեղտաջրերը լցվում են բաց դրենաժային համակարգ՝ առաջացնելով բնապահպանական, առողջապահական և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ, այն բերում է նաև գյուղատնտեսական հողատարածքների դեգրատացիայի, աղտոտում է շրջակա միջավայրը, առողջության համար ստեղծում է ռիսկային պայմաններ։
Կիրառելով կեղտաջրի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաներ՝ կլուծվեն վերոնշյալ խնդիրները։ Կայանում նախատեսված է կեղտաջուրը մաքրել մինչև ոռոգման ջրի որակի, ինչը հնարավորություն կտա մաքրված կեղտաջուրն օգտագործել ոռոգման նպատակով։