Նորություններ
Արարատի մարզպետն ընդունել է Հայաստան այցելած ֆրանսիական պատվիրակությանը
07.02.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է ՄԱԶԾ (Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր) «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին և ներկայացուցիչներ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։
12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ տեղական համայնքների հետ կապեր հաստատելու, փորձի փոխանակման, ինչպես նաև փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման և աջակցության ոլորտում հնարավոր համագործակցության շրջանակը քննարկելու նպատակով։
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզ այցելելու և ֆրանսիական կողմի՝ Հայաստանին մշտական աջակցության համար։
Պատվիրակության ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական, սոցիալական և այլ ոլորտներում իրականացվելիք հնարավոր ծրագրերը։