Նորություններ
Մարզպետն ու ՏԿԵ նախարարը դիտարկել են սուբվենցիոն ծրագրերով և պետական միջոցներով իրականացվող աշխատանքները
18.02.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղեկցությամբ այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է մարզի մի շարք համայնքներ՝ դիտարկելու մարզում պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։
Վերջիններս ծանոթացել են Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք կավարտվեն այս տարի։
Նախարարը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել բարձր որակով՝ բացառելով թերությունները:
Այնուհետև պաշտոնյաները դիտարկել են շուրջ 300 մլն դրամ արժեքով Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման, ինչպես նաև Մասիս քաղաքի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք ավարտված են:
Կրկին սուբվենցիոն ծրագրով շուրջ 340 մլն դրամ արժեքով Արտաշատ համայնքի Մրգանուշ բնակավայրում մանկապարտեզ է կառուցվում, որը նախատեսված է 150 երեխայի համար:
Չնայած եղանակային պայմաններին՝ շինհրապարակում ակտիվ աշխատանքներ էին ընթանում։ Մանկապարտեզը պատրաստ լինելուն պես կսպասարկի նաև հարակից բնակավայրերին:
Հաջորդ կանգառը Վեդու ջրամբարն էր, որտեղ աշխատանքներն ավարտական փուլում են, և գարնանն արդեն կիրականացվեն ջրալցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 90 միլիոն եվրո է:
Խուդաթյանն այցելել է նաև Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի մանկապարտեզ, որը ևս կառուցվում է սուբվենցիոն ծրագրով՝ ավելի քան 141 մլն դրամ արժեքով՝ նախատեսված 120 երեխայի համար:
Նախարարը եղել է նաև Արարատ համայնքի Արարատ և Երասխ բնակավայրերում, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով մարզադպրոցների կառուցման աշխատանքներին, ինչպես նաև այցելել է Երասխ բնակավայրում 16 մլն դրամ արժեքով կառուցվող մի քանի տներ։
Աղբյուրը՝ ՏԿԵՆ