Նորություններ
Մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի ՋՕԸ–երի ղեկավարների հետ
17.04.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել մարզի Ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն ու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Նիստին քննարկվել են ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքներին, ՋՕԸ-երի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը ներկայացվել է, որ արդեն իսկ մեկնարկել է Վեդիի ջրամբարի առաջին ջրալցումը։ Ջրամբարում կամբարվի 29.3 մլն խորանարդ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 3.220 հեկտար հողատարածք։ Արդեն շահագործման է պատրաստ նաև 580 հեկտարի ներտնտեսային ոռոգման ցանցը։
Ներկայացվել է նաև, որ արդեն ավարտվել է նաև «Արազափ-1» պոմպակայանի՝ առավել վթարային հատվածի շուրջ 500 մետր մղման խողովակաշարի հիմնանորոգումը, որը կապահովի այդ հատվածի անխափան ջրամատակարարումը։ Ծրագիրն իրականացվել է Կառավարության ֆինանսավորմամբ՝ շուրջ 725 միլիոն դրամ արժեքով։
Այս պահին կրկին պետական բյուջեի միջոցներում ընթանում են «Արազափ 1» ջրհան կայանի երկրորդ գոտու աջ հեռացնող ջրատարի վերակառուցման աշխատանքները (շուրջ 2175 մետր)։ Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 114 միլիոն դրամ։ Աշխատանքները նախատեսվում են ավարտել տարեվերջին։
Նշենք, որ վերոնշյալ ջրհան կայանը կառուցվել է խորհրդային տարիներին, հնամաշության հետևանքով հաճախ տեղի էին ունենում վթարներ:
Նիստում քննարկվել են նաև ոռոգման համակարգում առկա խնդիրները վերացնելու կամ նվազագույնի հասցնելու արդյունավետ ուղիները, տրվել են համապատասխան հանձնարարականներ: