Նորություններ
Մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարն այցելել են կարկուտից տուժած համայնքներ
09.05.2025
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ այսօր այցելել են Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրեր։
Վերջիններս տեղում ծանոթացել են օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։
Բնակիչներին են ներկայացվել պետական աջակցության առկա գործիքակազմը։ Վստահեցվել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ինչ կանի՝ ուսումնասիրելու և կիրառելու կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ՝ այսպիսի վնասների ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար։
«Մեր այցելության նպատակը ոչ միայն վնասն արձանագրելն է, այլ նաև լսելը համայնքների բնակիչներին, հասկանալ՝ ինչ աջակցության կարիք կա, որպեսզի պետական քայլերը լինեն հնարավորինս հասցեական և նպատակային։ Մենք աշխատանքային խմբի միջոցով կավարտենք վնասի գնահատման գործընթացը և դրանց արդյունքներն ամփոփելուց հետո կքննարկենք հետագա անելիքները»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք՝ վնասները գնահատելու նպատակով Արարատի մարզպետի աշխատակազմում և Արտաշատի համայնքապետարանում ստեղծվել են հանձնաժողովներ։ Հանձնաժողովի անդամներն այս ընթացքում քանիցս այցելել են կարկուտից տուժած բնակավայրեր։