Նորություններ
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ
23.05.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ։
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ավարտում եք դպրոցը, վերջին զանգն ազդարարում է նոր կյանքի սկիզբը։ Մանկությունից տեղափոխվում եք դեպի մի նոր ու մեծ աշխարհ՝ խելահեղ ու գունավոր, միևնույն ժամանակ՝ բարդ և լի մարտահրավերներով։
Ձեր կյանքի հաջորդ փուլը լինելու է ավելի պատասխանատու․ երբեմն սխալվելու եք, ընկնեք ու նաև հիասթափվեք, բայց միշտ հիշեք՝ պետք է առաջ շարժվեք՝ ստեղծելով նորը, համարձակը, տարբերվողը։
Շուտով կարևոր ևս մեկ քայլ եք անելու ձեր ապագայի համար՝ ընտրելու եք մասնագիտություն։ Սիրելիներս, ընտրությունը կատարեք ինքներդ, այլ ոչ ուրիշները։ Կլինի ուսուցչի, բժշկի, իրավաբանի, թե՝ դարբնի մասնագիտություն, այն պետք է ձեզ ամեն օր կատարելագործվելու ոգեշնչում լինի։
Որ ոլորտում էլ, որ ջանք ներդնեք, պահպանեք ձեր սկզբունքները, եղեք պատասխանատու ինքներդ ձեր, ձեր երկրի ու հանրության առաջ։ Հիշեք՝ աշխարհը, ձեր հայրենիքն առավել լավը դարձնելու առաքելությունը հենց ձերն է։
Ուզում եմ շնորհավորել նաև բոլոր մանկավարժներին. այսօր շատ հուզական օր է նաև ձեզ համար։ Բոլորս մեր ստացած գիտելիքների, մեծ ու փոքր հաջողությունների համար առաջին հերթին պարտական ենք մեր ուսուցիչներին։ Ուսուցիչը ոչ միայն կրթելու, այլ դաստիարակելու մեծ առաքելություն ունի։ Կառավարության բարեփոխումները կրթական ոլորտում ուղղված է նաև մանկավարժի դերի բարձրացմանը։ Շնորհակալություն ձեր կատարած մեծ ու պատասխանատու աշխատանքի համար։
Սիրելի՛ շրջանավարտներ, ուսուցիչներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ կարևոր օրվա առիթով՝ մաղթում եմ լուսավոր ուղի և ամենայն բարիք։
Բարի ճանապարհ դեպի նոր կյանք»։