Նորություններ
Մարզպետն ու պատգամավորները շրջել են մարզում կառուցվող դպրոցներում
17.07.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր մարզպետի տեղակալներ Վլադիմիր Խաչատրյանի, Արտավազդ Նազարեթյանի, ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ աշխատանքային այցով եղել է Մասիս համայնքի Հովտաշատ և Հայանիստ բնակավայրերում կառուցվող դպրոցների շինհրապարակներում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։
Հովտաշատի և Հայանիստի դպրոցները կառուցվում են Կառավարության միջոցներով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում,
Հայանիստ բնակավայրում կառուցվող դպրոցը կլինի 432 աշակերտի համար։ Ծրագրի արժեքը կազմում է 2 միլիարդ 423 միլիոն դրամ, իսկ Հովտաշատի դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար, ծրագրի արժեքը կազմում է 1,9 միլիարդ դրամ։
Դպրոցները կունենան կրթական ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Կբարելավվի դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը (դպրոցական գույք, մարզագույք, գրադարանային գույք, ՏՀՏ սարքավորումներ, լաբորատորիաներ):
Կապահովվի նաև մարզադահլիճների և խաղահրապարակների առկայությունը, որոնք կհագեցվեն անհրաժեշտ գույքով։
Այցը շարունակվել է Արարատ համայնքում։ Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով սահմանամերձ Երասխում և Արարատ վարչական շրջանում կառուցվում են մարզադպրոցներ։ Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը շուրջ 527 միլիոն դրամ է, որից 65%–ը հատկացնում է Կառավարությունը, 15%-ը համայնքի մասնաբաժինն է, 20%-ը՝ այլ ներդրողները։ Սպրտդպրոցների կառուցումն ավարտական փուլում է։
Պարույր Սևակում կառուցվում է նաև կրթահամալիրի։ Կրթահամալիրը կառուցվում է Կառավարության միջոցներով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Համալիրում գործելու է 144 տեղ –հզորությամբ դպրոց և 40 տեղ–հզորությամբ մանկապարտեզ։ Ծրագրի արժեքը 1 միլիարդ 697 միլիոն 829 հազար դրամ է։ Շինաշխատանքները նախատեսվում են ավարտել հաջորդ տարի։
Արարատ քաղաքում էլ Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է քաղաքային զբոսայգին՝ սալիկապատվել և կանաչապատվել է այգու ամբողջ տարածքը, անցկացվել է ոռոգման ցանց և լուսավորության համակարգ, փոխվել են նստարանները: 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով սկսվել է Արարատ քաղաքի մշակույթի տան մասնակի վերանորոգում և հարակից այգու բարեկարգում, անֆիթատրոնի վերակառուցում և շատրվանների կառուցում։