Նորություններ
Անցկացվել է մարզխորհրդի նիստ
25.07.2025
Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզխորհրդի 2025 թվականի երկրորդ նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
Նիստին մասնակցել են համայնքների ղեկավարներ, մարզպետի տեղակալներ Վլադիմիր Խաչատրյանն ու Արտավազդ Նազարեթյանը, «Վեոլիա Ջուր» ընկերության Արարատի տարածքային պատասխանատու Սարգիս Թորոսյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի այլ պաշտոնատար անձինք։
Զեկույցով հանդես է եկել Արարատի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանը։ Նա ներկայացրել է 2025 թվականի առաջին կիսամյակի համայնքների բյուջետային եկամուտների կատարման վերաբերյալ տվյալներ։
Ըստ զեկույցի՝ հաշվետու ժամանակահատվածում համայնքների բյուջետային եկամուտների պլանը կազմել է տարեկան 21 մլրդ 144.4 մլն դրամից 9 մլրդ 264.4 մլն դրամ, ինչն ապահովվել է 43.8 տոկոսով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն ավելացել են 896 մլն դրամով։
Երկարաժամկետ բնույթի եկամուտների մասով պլանը կազմել է 6 մլրդ 609.9 մլն դրամ, կատարվել է 2 մլրդ 651.9 մլն դրամ կամ 40.1 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ այս ուղղությամբ աճը կազմել է 311.5 մլն դրամ։
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև մարզում խաղողի և լոլիկի մթերման ցուցանիշները։ Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հանձնարարել է մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին և համայնքների աշխատակիցներին համակարգված կազմակերպել բերքի մթերման գործընթացը՝ հնարավորինս բացառելով հերթերից և կազմակերպչական խոչընդոտներից առաջացող խնդիրները։
«Վեոլիա Ջուր» ընկերության Արարատի տարածքային պատասխանատու Սարգիս Թորոսյանը ներկայացրել է վերջին շրջանում իրականացված աշխատանքները։ Քննարկվել են հատկապես ջրի սակավության հետևանքով առաջացող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Այս համատեքստում մարզպետը հանձնարարել է շարունակել համագործակցությունը շահագրգիռ կառույցների հետ՝ խնդիրների արդյունավետ և բնակչի համար շահեկան լուծումներ մշակելու նպատակով։