Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու փոխնախարարն անցկացրել են խորհրդակցություն՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ

18.08.2025

2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ այսօր Արարատի մարզի Փոքր Վեդու նորակառույց դպրոցում անցկացվել է խորհրդակցություն՝ դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ:

Խորհրդակցությունն անցկացրել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արարատի մարզպետի աշխատակազմից ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարներ:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետը կարևորել է համատեղ աշխատանքը՝ շեշտադրելով դպրոցներում որակյալ կրթության ապահովման հետ մեկտեղ նաև անվտանգ ու առողջ միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը։

Սեդրակ Թևոնյանը ուրախությամբ արձանագրել է, որ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով մարզում կառուցվելու և վերակառուցվելու է ընդհանուր մի քանի տասնյակ դպրոց, մանկապարտեզ, որոշների կառուցումն արդեն ավարտված է։

«Կառավարությունը ոչ մի ջանք չի խնայում բարեկեցիք կրթական կենտրոններով ապահովելու համար, մեր խնդիրն էլ դրանք հոգատարությամբ ու խնամքով պահելն է»,- ասել է Սեդրակ Թևոնյանը։

Վերջինս անդրադարձել է նաև կամավոր ատեստավորման գործընթացին՝ նշելով, որ մարզի դպրոցներից շուրջ 500 ուսուցիչ ատեստավորվել է, 37 մանկավարժ էլ ստացել է տարակարգ։
«Սա, իհարկե, գոհացուցիչ է, բայց ակնկալում ենք, որ ցուցանիշներն առավել կբարձրանան»,- շեշտել է մարզպետը։

Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանն էլ նշել է, որ նոր ուստարում Հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթության ոլորտի մի շարք կարևոր հարցերի: Մասնավորապես, շեշտվել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների ճշգրիտ լրացման անհրաժեշտությունը և ուսուցիչների ծանրաբեռնվածության հաշվարկը:

Մինչ խորհրդակցության մեկնարկը Սեդրակ Թևոնյանն ու Արաքսիա Սվաջյանը ծանոթացել են Արարատի մարզի դպրոցների նախագծային աշխատանքների ցուցահանդեսին՝ շնորհակալություն հայտնելով էքսպոյի մասնակից աշակերտներին և նախորդ ուսումնական տարվա ընթացքում չափորոշչի ներդրումն ապահովող ուսուցչական կազմին՝ ներդրած հսկայական ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում նաև շնորհակալագրեր են հանձնվել «Ամսվա լավագույնները» անվանակարգի հաղթող ուսուցիչներին և Խոսրովի արգելոցում վերջերս բռնկված հրդեհի մեկուսացման աշխատանքներին մասնակցած՝ Ուրցաձոր ու Վեդի համայնքների մի խումբ աշակերտներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 13:33:57