Նորություններ
Նախարարն ու փոխմարզպետը ծանոթացել են Արարատի երիտասարդական կենտրոնի պայմաններին
26.08.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արարատի երիտասարդական կենտրոն, որը ստեղծվել է ԿԳՄՍ նախարարության, Արարատի համայնքապետարանի և «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ և գործում է 2025 թ. մարտից:
Այցին ներկա են եղել նաև Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:
Վերջիններս շրջայց են կատարել երիտասարդական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել երեխաների հաճախելիության ընթացակարգով, զբաղվածությամբ, անցկացվող ծրագրերով:
Ներկայացվել է, որ կենտրոն են հաճախում 13-18 տարեկան երիտասարդներ, անցկացվում են ինտելեկտուալ, ժամանցային խաղ-մրցույթներ, մեդիագրագիտության, մասնագիտական կողմնորոշման, արհեստական բանականության և այլ ոլորտների վերաբերյալ տարաբնույթ ծրագրեր։ Միջոցառումների ընթացքում երիտասարդները նաև իրազեկվում են երիտասարդական պետական քաղաքականության և ոլորտում իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ:
Նախարարն ու փոխմարզպետը այցելել են նաև Արտաշատ, որտեղ ևս նախատեսվում է երիտասարդական կենտրոն հիմնել: Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ներկայացրել է առաջիկա անելիքները: Կարևորվել է ստեղծվող երիտասարդական կենտրոնի հասանելիության և շահառուների կարիքներին նպատակային արձագանքելու խնդիրը: