Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեր նախաձեռնությունների հետևում կանգնած է երկրի և մեր բնակչության շահը․ անցկացվել է մարզխորհրդի տարեվերջյան նիստը

05.12.2025

 Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզխորհրդի 2025 թվականի վերջին նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Նիստին մասնակցել են մարզպետի տեղակալներ Վլադիմիր Խաչատրյանն ու Արտավազդ Նազարեթյանը, համայնքների ղեկավարները, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի մի շարք այլ պատասխանատու պաշտոնյաներ։

Զեկույցով հանդես է եկել Արարատի մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը։ Նա ներկայացրել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը՝ շեշտելով, որ 2026 թվականի սուբվենցիոն հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվելու է մարտի 1-ը։

Մարզի ղեկավարը կարևորել է սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների ոլորտային պատասխանատուների ամենօրյա համակարգված ու միասնական աշխատանքի մեծ նշանակությունը։ Նա առանձնացրել է նաև իրականացվող ծրագրերի որակի բարձր պահանջը՝ որպես համայնքների զարգացման առանցքային նախապայման։

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև 2025 թվականի 11 ամիսների համայնքների բյուջետային եկամուտների կատարման ցուցանիշները։ Ըստ ներկայացված տվյալների՝ համայնքների բյուջեների եկամտային մասը կատարվել է 81․7%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մուտքերն ավելացել են 554․4 մլն դրամով։ Սեփական եկամուտների իրականացումը կազմել է 79․2%, որոնք տարվա ընթացքում աճել են 491․2 մլն դրամով։

Նիստում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, ինչպես նաև իրավական ոլորտներին վերաբերող մի շարք այլ հարցեր։

Նիստի ավարտին մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին՝ ընդգծելով համատեղ աշխատանքի կարևորությունը․
«Անցնող տարում մենք աշխատել ենք միասին՝ նույն նպատակով և նույն պատասխանատվությամբ։ Մեր նախաձեռնությունների հետևում կանգնած է երկրի և մեր բնակչության շահը, ու միայն միասնական, հետևողական աշխատանքով կարող ենք ապահովել այն զարգացումը, որին ձգտում ենք։ Շնորհակալ եմ ձեր նվիրումի, ստեղծած արդյունքների համար։ Թող առաջիկա տարին լինի ավելի արդյունավետ, ավելի կառուցողական և ավելի վստահ քայլերի տարի մեր մարզի ու մեր պետության համար»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-09 17:39:18