Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետն ու մարզպետը այցելել են Հայանիստի նորակառույց դպրոց

13.12.2025

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին:
Վարչապետին ուղեկցել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Հայանիստում կառուցված դպրոցի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ: Այն իրականացվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ Կառավարության համաֆինանսավորմամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Արդյունքում՝ Հայանիստ բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ նախագծային հզորությամբ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին՝ Հայանիստի միջնակարգ դպրոցի կառուցման առիթով և ընդգծել, որ նման դպրոցների կառուցումը և բացումը լոկալ տեղային իրադարձություն չէ՝ նոր նախագծով, զրոյից կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման շատ կարևոր, անբաժանելի և անկյունաքարային մաս են։ «Ըստ էության, մենք խոսում ենք ոչ միայն նոր շենքերի, այլև մտածողության նոր ձևերի մասին։ Այսինքն՝ նորակառույց դպրոցները և ցանկացած նորակառույց շենք արտահայտում է մտածողության փոփոխությունը։

Սա ցույց է տալիս այն տրանսֆորմացիան, որ տեղի է ունենում մեր մտածողության մեջ, որն այսպիսով պետք է արտահայտվի մեր երեխաների մեջ։ Իրականում նոր դպրոցը, նոր շենքերը, նոր չափորոշիչը, ուսուցիչների ատեստավորման համակարգը, ընդհանրապես, արտահայտում են մեր նոր մտածողությունը, և դպրոցն այս առումով հենց մեր մտածողության նոր ձևերի մասին է»,- ասել է վարչապետը՝ շեշտելով դպրոցաշինության այս գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը։

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն էլ ելույթի իր խոսքում շնորհավորել է երեխաներին, ուսուցչական կազմին՝ դպրոցի կառուցման առթիվ և շնորհակալություն հայտնել կարևոր այս նախագիծը կյանքի կոչողներին. «Շնորհակալությունս ծրագրի իրականացման մեջ ներգրավված բոլորին՝ շինարարներին, նախագծողներին, տեխնիկական վերահսկողությանը, մարզպետի աշխատակազմի աշխատակիցներին՝ սրտացավ աշխատանքի համար, և, իհարկե, ՀՀ կառավարությանը։

Վստահ եմ, որ բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ այս դպրոցը երկար տարիներ ծառայելու է մեր երեխաներին։ Շնորհակալություն բոլորին՝ միասին արդյունք ստեղծելու համար»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-29 17:38:36