Նորություններ
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
31.12.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։
Ուղերձում ասվում է.
«Արարատի մարզի սիրելի բնակիչներ,
Ամանորի այս օրերը խորհելու, անցած ճանապարհը արժևորելու և առաջ նայելու հնարավորություն են տալիս։ Տարին, որ ավարտվում է, մեզ համար եղել է աշխատանքի, համախմբվածության և առաջ շարժվելու տարի։
Անցնող ժամանակահատվածում մարզում իրականացվել են ծրագրեր, որոնք նպատակ են ունեցել բարելավել մարդկանց կյանքի պայմանները, զարգացնել համայնքները։
Շարունակվել են դպրոցաշինական, ճանապարհաշինական, բնակարանային և աջակցման այլ ծրագրերը, ուշադրություն է դարձվել կրթական, մշակութային ու մարզական միջավայրի բարելավմանը։ Այս ամենը հնարավոր է դարձել համատեղ աշխատանքի, պատասխանատվության և փոխադարձ վստահության շնորհիվ։
Ես անկեղծորեն վստահ եմ, որ մեր ուժը միասնականության մեջ է։ Երբ հավատում ենք մեր կարողություններին, երբ հարգում ենք մեր երկիրը և իրար, մենք դառնում ենք ավելի ուժեղ՝ որպես համայնք, որպես մարզ, որպես պետություն։ Այդ վերաբերմունքն է, որ ձևավորում է մեր հեղինակությունն ու արժանապատվությունը նաև աշխարհում։
Ամանորը հույսի և սպասումների տոն է։ Այն հիշեցնում է, որ անգամ բարդ փուլերում կարելի է գտնել լուծումներ, եթե կա կամք և հավատ։ Համոզված եմ, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ Հայաստան՝ սկսելով մեր համայնքներից, մեր ամենօրյա աշխատանքից ու պատասխանատու որոշումներից։
Սիրելի ժողովուրդ,
Թող Նոր տարին ձեր ընտանիքներին բերի առողջություն, խաղաղություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ, իսկ մեր մարզին՝ շարունակական զարգացում և նոր ձեռքբերումներ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։


