Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ
14.04.2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ն այցելել է Արարատի մարզ։ Մարզում կատարած շրջայցի ժամանակ վարչապետին ուղեկցել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
Մարզում վարչապետը մասնակցել է Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում նորակառույց կրթահամալիրի բացմանը։ Այն կառուցվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում՝ 1 մլրդ 700 մլն դրամ ընդհանուր արժեքով և նախատեսված է 140 աշակերտի և 40 նախակրթարանի երեխայի համար։
Այնուհետև վարչապետը այցելել է Արարատ համայնքի Երիտասարդական կենտրոն, որը վերանորոգվել է դրամաշնորհային ծրագրով։ Ծրագրի արժեքը կազմել է շուրջ 34.7 մլն դրամ, որի 75.3%-ը հատկացրել է Կառավարությունը։ Վերանորոգվել է 158 քմ տարածք, կենտրոնը տարեկան սպասարկում է առնվազն 635 երիտասարդի։
Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում բացվել է նոր նախադպրոցական հաստատություն՝ նախատեսված 90 երեխայի համար։ Կառուցման արժեքը կազմել է շուրջ 327.7 մլն դրամ, որի 70%-ը պետական համաֆինանսավորում է։
Արտաշատ համայնքում վարչապետը ծանոթացել է ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը կազմում է մոտ 1 մլրդ 269 մլն դրամ, դպրոցը նախատեսված է 462 աշակերտի համար։
Այց է կատարվել նաև Վարդաշեն բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպրոց, որի համար հատկացվել է 134 մլն դրամ, և որը նախատեսված է 430 աշակերտի համար։
Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում վարչապետը այցելել է մասնավոր ներդրմամբ հիմնված խելացի անասնաշենք։ Ծրագրի շրջանակում պետությունը փոխհատուցել է 17.5 մլն դրամ, նախատեսվում է ևս 26.4 մլն դրամի աջակցություն։ Ներմուծվել է 66 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի։













