Նորություններ
Անցկացվել է մարզխորհրդի նիստ
05.05.2026
Արարատի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի 2026 թվականի երկրորդ նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
Նիստին ներկա են եղել մարզպետի տեղակալներ Արտավազդ Նազարեթյանը և Վլադիմիր Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, համայնքների ղեկավարները, մարզի ՋՕԸ-երի ներկայացուցիչները, «Վեոլիա Ջուր» ընկերության Արարատի տարածքային պատասխանատու Սարգիս Թորոսյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Զեկույցով հանդես է եկել մարզպետի աշխատակազմի Ֆինանսական վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանը՝ ներկայացնելով 2026 թվականի առաջին եռամսյակում համայնքների բյուջետային եկամուտների կատարման ցուցանիշները։ Նրա ներկայացմամբ՝ համայնքների բյուջեների եկամտային մասը նախատեսված տարեկան 21 մլրդ 931.4 մլն դրամի դիմաց կազմել է 4 մլրդ 775.6 մլն դրամ, այսինքն՝ կատարվել է 21.8%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մուտքերը աճել են 465.3 մլն դրամով։ Սեփական եկամուտների մասով՝ նախատեսված 6 մլրդ 909.8 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 1 մլրդ 223.7 մլն դրամ, կամ կատարվել է 17.7%-ով։ Նախորդ տարվա համեմատ այստեղ ևս գրանցվել է աճ՝ 53.3 մլն դրամի չափով։
Այնուհետև զեկույցով հանդես է եկել Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը՝ ներկայացնելով 2026 թվականից համայնքների կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերը։ Նրա խոսքով՝ Արտաշատ, Մասիս և Վեդի համայնքներից ներկայացվել է 10 ծրագիր, որոնցից 2-ն արդեն հաստատվել են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Ծրագրերը վերաբերում են ճանապարհների ասֆալտապատմանը, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի բարելավմանը, մանկապարտեզների կառուցմանն ու վերակառուցմանը, ինչպես նաև փողոցային լուսավորության ցանցի ընդլայնմանը։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 19 մլրդ 389 մլն դրամ։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ջրի սակավությամբ պայմանավորված խնդիրները, ոռոգման սեզոնի կազմակերպման հարցերը և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Ամփոփելով նիստը՝ մարզպետ Սեդրակ Թևոնյանը կարևորել է պետական կառույցների, համայնքների և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, որ միայն համատեղ, համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի արդյունավետորեն արձագանքել առկա մարտահրավերներին և ապահովել մարզի համաչափ զարգացումը։











