Նորություններ
Վարչապետն ու մարզպետը այցելել են Վանաշենի նորակառույց դպրոց
02.09.2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վեդի համայնքի Վանաշենի միջնակարգ դպրոց, որը կառուցվել է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում։
Վարչապետին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2,5 մլրդ դրամ։ Նոր դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։
«Ամենակարևոր հմտությունը, որ կրթական համակարգը պետք է փոխանցի մեր երեխաներին, կյանքի փոփոխություններին ադապտացվելն է, որովհետև կյանքն ինչքան գնա՝ ավելի արագ է փոխվելու, և շատ կարևոր է, որ մեր երեխաները կարողանան կյանքին համահունչ փոխվել դեպի ավելի լավը։ Սրա համար է դպրոցը, սրա մասին է դպրոցը, և նաև դա է պատճառը, որ դպրոցի մուտքի մոտ մի հիմնական ուղերձ է ձեզ ուղղված․ «Լավ սովորեք, որ լավ ապրեք»։ Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում։ Մենք կարծում ենք, որ դրա համար նվազագույն պայմաններն ապահովել ենք, մնացած ամեն ինչը կախված է ձեզնից, և ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում ձեր բարեկեցիկ կյանքին այսօր պատրաստվելու գործում», -ասել է Նիկոլ Փաշինյանը։









