Նորություններ
Տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստը
22.09.2026
Արարատի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի 2026 թվականի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
Նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, համայնքների ղեկավարները, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Սեդրակ Թևոնյանն առաջնահերթ անդրադարձել է մթերման գործընթացի պատշաճ կազմակերպմանն ու ընթացքին։ Զեկուցվել է, որ դեղձի մթերումը գրեթե ավարտական փուլում է, իսկ խաղողի մթերման գործընթացն արդեն մեկնարկել է։
Մարզպետը հանձնարարել է ամենօրյա ռեժիմով համագործակցել համայնքների հետ և հետևել գործընթացին, որպեսզի մարզի բնակիչները հնարավորություն ունենան նախատեսված ժամկետներում և պատշաճ կերպով մթերելու իրենց բերքը։
Այնուհետև զեկույցով հանդես է եկել մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանը՝ ներկայացնելով 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում համայնքների բյուջետային եկամուտների կատարման ցուցանիշները։
2026 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ համայնքների բյուջեների եկամտային մասը նախատեսված տարեկան 23 մլրդ 337.4 մլն դրամի դիմաց կազմել է 13 մլրդ 993.6 մլն դրամ։ Եկամուտների կատարողականը կազմել է 60 տոկոս։
Համայնքների սեփական եկամուտները նախատեսված 6 մլրդ 943.5 մլն դրամի դիմաց կազմել են 3 մլրդ 657.1 մլն դրամ՝ ապահովելով 52.7 տոկոս կատարողական։
Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը ներկայացրել է համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Նրա տեղեկացմամբ՝ 2026 թվականին մարզի համայնքների կողմից իրականացվում է շուրջ 7.5 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերի փաթեթ։ Ծրագրերն այս պահին ընթացքի մեջ են։
2027 թվականի համար մարզի համայնքները միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն են ներկայացրել մի շարք ծրագրեր, որոնք ներառում են ասֆալտապատման, ոռոգման ցանցերի բարելավման, ջրահեռացման, ինչպես նաև մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներ։
Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հանձնարարել է ամենայն խստությամբ և ամենօրյա ռեժիմով հետևել շինարարական աշխատանքների ընթացքին՝ ապահովելու դրանց իրականացումը սահմանված ժամկետներում և պատշաճ որակով:


